Խոր Վիրապի արգելավայր

«Խոր Վիրապ» պետական արգելավայրը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղական համայնքի վարչական սահմաններում, Արաքս գետի ձախակողմյան մասի Խոր Վիրապ եկեղեցական համալիրի և Հայաստանի հնագույն մայրաքաղաք Արտաշատի աջակողմյան հատվածում գտնվող` 50,28 հա խոնավ տարածքի վրա։

Արգելավայրի կազմակերպման հիմնական նպատակը միջազգային նշանակություն ունեցող խոնավ տարածքի էկոհամակարգի, բուսական ու կենդանական աշխարհի` հատկապես ջրլող թռչունների ու դրանց ապրելավայրերի, հազվագյուտ բուսատեսակների ու դրանց աճելավայրերի պահպանության, բնականոն զարգացման, վերարտադրության ու կայուն օգտագործման ապահովումն է։ Արգելավայրի հատուկ պահպանության օբյեկտները մերձարաքսյան խոնավ տարածքի էկոհամակարգի յուրահատուկ կենդանական աշխարհն ու ջրաճահճային բուսականությունն են։

Խոր Վիրապի ջրաճահճային էկոհամակարգը աչքի է ընկնում հազվագյուտ և անհետացման վտանգված ջրաճահճային բուսական և կենդանական տեսակներով։ Այս տարածքում և նրա շրջակայքում հանդիպում են այնպիսի հազվագյուտ բուսատեսակներ ինչպիսիք են Սիբեխը, Կղմուխ օշեին, իշամառոլ արարատյանը, թելուկազգիների ներկայացուցիչներից` ուղտափուշ սովորական, վարդատերեփուկ Իլյինի, կարմրան ութառէջ և այլն։

Այս նյութը հրատարակվել է Էկոլոգիա-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել մեկնաբանություն