Տարվա ամփոփում

2021 թվականը ուսման առումով մի քիչ դժվար էր, քանի որ պետք է քննություն տայինք։ Մինչ 9-րդ դասարան հասնելը ես կարծում էի, որ քննությունը շատ դժվար է լինելու։ Մտածում էի, որ պետք է ամեն օր ժամերով կրկնեի բոլոր այն թեմաները, որոնք անցել էինք։ Բայց պարզվեց, որ քննությունը այդքան էլ դաժան բան չէ և ամեն ինչ ճիշտ դասավորելու շնորհիվ հասցրեցի բոլոր առարկաներից ստանալ ցանկալի գնահատականներ։ Տասերորդ դասարան տեղափոխվելիս ոչ մի խնդիրներ չունեցա հարմարվելու հետ։ Միակ անսովոր բանը այն էր, որ էլ դասարանով բոլոր դասերը միասին չէինք անում և բոլորս տարբեր ժամերի էինք դասերը վերջացնում։ Բայց դրան հարմարվեցի և զգացի, թե ինչ լավ է անցնում այս տարին։ Տասերորդ դասարանում ազատության զգացողությունը ավելի մեծացավ, քանի որ արդեն մենք էինք ընտրում մեր ուզած առարկաները։ Ես ընտրեցի աշխարհագրություն, պատմություն և անգլերեն։ Այս երեքն էլ իմ սիրելի առարկաներից են, բայց ոչ բոլորը իմ սպասելիքները արդարացրեցին։ Խորացված պատմության ծրագիրը ինձ դուր չեկավ, քանի որ դասերը շատ ձանձրալի էին անցնում։ Հիմա ցանկանում եմ այն փոխել և ընտրել խորացված մաթեմատիկա։ Աշխարհագրության հետ եղավ հակառակը։ Ես չէի պատկերացնում, որ դասերը այդքան հետաքրքիր են անցնելու։ Շատ լավ է, որ մեր խումբը փոքր է, իսկ թեմաները՝ շատ հետաքրքիր։ Այս տարի մենք սկսեցինք սովորել նաև երկու նոր առարկա՝ հասարակագիտություն և էկոլոգիա։ Հասարակագիտությունը ինձ շատ դուր եկավ, քանի որ խոսում ենք և հոգեբանության և հասարակության մասին։ Քննարկում ենք տարբեր իրավիճակները և ամեն մեկը իր կարծիքն է արտահայտում։ Էկոլոգիան նույնպես դուր եկավ ինձ, քանի որ այդ դասի ժամանակ անցնում ենք մեր առօրյա կյանքի մասին թեմաներ և իմանում նոր հետաքրքիր բաներ, որոնք այն ժամանակ չէինք նկատել։ Այս տարի ես չմասնակցեցի շատ ճամփորդությունների։ Ամռանը միայն գնացի ռազմամարզական ճամփորդության։ Բայց հիմա շատ եմ ուզում նորից ճամփորդության գնալ ու մյուս տարի հաստատ շատ եմ մասնակցելու ճամփորդություններին։ Չնայած նրան, որ այս ուսումնական տարին այդքան էլ լավ չեմ սկսել, միևնույն է այս ամբողջ տարին համարում եմ հաջողված և ամեն ինչ կանեմ, որպեսզի հաջորդ տարին նույնպես լինի լավը։

Այս նյութը հրատարակվել է Без рубрики-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել մեկնաբանություն